2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԻՍԿ Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ՀԻՍՈՒՆ ՀԱԶԱՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱԿ-Ի ԱՆԴԱՄՆԵՐՆ ԵՆ»

«ԻՍԿ Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ՀԻՍՈՒՆ ՀԱԶԱՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՀԱԿ-Ի ԱՆԴԱՄՆԵՐՆ ԵՆ»
15.03.2011 | 00:00

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում իշխանություններին ուղղված պահանջագիրն այս օրերին քաղաքական օրակարգում է: Իշխանության ներկայացուցիչներն այն նույնացրին 90-ականների ընդդիմության կոչերի հետ: ՀԺԿ քաղխորհրդի անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` ի՞նչ ընդհանրություններ կան այս և հիշատակված ժամանակաշրջանի ընդդիմության կոչերի միջև:
-Այսօր իշխանությունը շատ է կրկնում, թե իրենց առջև ուլտիմատում է դրված,- ասաց պարոն Հարությունյանը:- Սա ժողովրդին ներկայացրած պահանջագիր-առաջարկություն է՝ երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու համար: Իսկ ինչ վերաբերում է կոչերի նմանությանը, պիտի կոնկրետ նշել՝ այդ ո՞ր նմանության մասին է խոսքը: Անձամբ ես ոչ մի նմանություն չեմ տեսնում: Ի՞նչ է, երկիրը պատերազմական իրավիճակո՞ւմ է, նույն օլիգարխնե՞րն են, թե՞ ներկայիս անվերահսկելի թանկացումներն են:
-Իսկ «Արդարություն» դաշինքի և ՀԱԿ-ի գործողությունների նմանություն չե՞ք տեսնում:
-Նախ` «Արդարությունը» ստեղծվել է 2003-ին, իսկ «Միասնություն» դաշինքը` 1999-ին, որից հետո եղավ հոկտեմբերի 27, և «Միասնությունը» կազմալուծվեց: ՀԺԿ-ն և «Հանրապետությունը»՝ Արամ Սարգսյանի թևը, դաշինքից դուրս եկան, որովհետև մեզ համար անընդունելի էին իշխանական թևի գործողությունները: Իսկ 90-ականների ընդդիմություն ասելով ո՞ւմ նկատի ունեն, պիտի պարզ ասվեր:
-Եթե այս անգամ էլ իշխանությունն ընդառաջ չգնա ընդդիմության պահանջներին, ի՞նչ է անելու ՀԱԿ-ը:
-Այդ պահանջները ձևակերպել է ժողովուրդը, ու եթե իշխանությունը չկատարի դրանք, երկիրը դուրս չի գա այս ճգնաժամից, ինչն էլ կհանգեցնի ծանր հետևանքների: Մենք հո վատ բան չե՞նք ասել:
-Կոնգրեսը պատրա՞ստ է ժողովրդի ըմբոստության ալիքի առկայության պայմաններում արմատական քայլերի դիմելու:
-Մենք միշտ եղել ենք ժողովրդի հետ ու այդպես էլ շարունակելու ենք՝ լինի ըմբոստություն, թե խաղաղություն: Մենք ասել ենք, որ այս վիճակից միակ ելքն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն են: Եթե այս առաջարկությունների հետ կապված` իշխանությունները կոնկրետ քայլեր չկատարեն, ոչ մեկը չի կարող ասել, թե մասսաների հուզումներն ինչ իրավիճակի կհանգեցնեն: Հնարավոր է անգամ` այսօրվա ընդդիմությանը չհաջողվի խաղաղեցնել, կանգնեցնել այդ զանգվածին, քանի որ ականատեսն ենք այն իրադարձությունների, որոնք այս օրերին տեղի են ունենում արաբական աշխարհում: Այնտեղ ընդգծված ընդդիմություն գոյություն չունի, այսինքն` ընդդիմությունը հասարակությունն է, ժողովուրդը, երիտասարդությունը:
-Ձեզ համար ընդունելի՞ է նմանօրինակ հեղափոխական իրավիճակի կրկնությունը Հայաստանում:
-Մեր ողջ անհանգստությունն էլ այն է, որ այս ամենը չվերածվի նման հեղափոխության: Այդ տիպի գործողությունները յուրաքանչյուր երկրի համար կործանարար հետևանքներ են ունենում: Իշխանություններին սթափության կոչեր ենք անում՝ առաջարկելով տասնհինգ կետից բաղկացած գործողությունների ծրագիր: Իշխանությունները դրանք քննարկելու փոխարեն` ծիծաղելի գնահատականներ են հնչեցնում: Իրենց գործն է, թե այս ամենն ինչպես են ընկալում, պարզապես դժբախտությունն այն է, որ ընդդիմության ցանկացած առաջարկության առնչությամբ ասում են՝ մեզ ուլտիմատում եք ներկայացնում:
-Ընդդիմության համար ի սկզբանե կանխատեսելի չէ՞ր, որ իշխանությունը չի կատարելու այդ պահանջները:
-Առաջին օրը չէ, որ մենք քաղաքականության մեջ ենք, ուստի ինչ-որ առումով, այո, սպասելի էր: Այս իշխանությունների մտածելակերպը հաշվի առնելով, վստահ չենք, թե կիրականացնեն այդ պահանջները: Բայց աշխարհում ստեղծված իրավիճակը պիտի հուշի, որ խնդիրներին պետք է ավելի լուրջ վերաբերվել: Այսօր աշխարհում լրիվ այլ իրավիճակ է, այսինքն` 2003-ի, 2004-ի ապրիլի կամ 2008-ի մարտի նման չէ: Համաշխարհային գործընթացները լիովին այլ ընթացք ունեն: Ո՞վ կպատկերացներ, որ 40 և 42 տարի իրենց երկրները ղեկավարած Մուբարաքը կամ Քադաֆին այդպիսի դիմադրության կհանդիպեն:
-Շատ վերլուծաբաններ, քաղաքագետներ պնդում են, որ այդ հեղափոխություններն իրականացվել են դրսի աջակցությամբ, տվյալ պարագայում` ԱՄՆ-ի ջանքերով:
-Դրսից ինչ էլ ուզում են անեն, եթե ներսում կառավարումն օրինական, արդար չէ, հետևանքն այսպիսին է լինում: Ի միջի այլոց, ո՛չ ռուսական, ո՛չ եվրոպական փորձագետները դեռ չեն կարողացել հասկանալ, թե ինչպես իրագործվեցին այդ հեղափոխությունները: Մի բան հստակ է. սա սոցիալական բունտ էր: Ոչ թե ընդդիմությունն էր քաղաքական դրդապատճառներով ընդվզել, այլ հասարակությունը, սոցիալական իրավիճակից ելնելով, բունտ էր կազմակերպել: Այն չափորոշիչները, որոնք այդ ընդվզումների հիմքն են, Հայաստանում առկա են: Ի՞նչ է նշանակում` 1000 խմ գազը 180 դոլարով գնես, բայց ժողովրդի վրա վաճառես 360 դոլարով։ Այսօրինակ բազում խնդիրներ կան:
-Փաստելով, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը բավականին բազմամարդ էր, իշխանությունները նշեցին, որ շուրջ 30 տոկոսը բողոքավորներ էին, ոչ թե կոնգրեսի համակիրներ:
-Եթե իրենք նման բան են ասում, ինչո՞ւ են կարծում, որ ՀԱԿ-ը վերջնագրերի լեզվով է խոսում: Եթե համարում են, որ նրանք կոնգրեսի համակիրները չեն, այլ իրենցից դժգոհ մասսան, թող ասեն՝ մեր ապաշնորհ աշխատանքից դժգոհ հասարակական ընդվզում է: Սա է ճիշտ ձևակերպումը: Իսկ ո՞վ ասաց, որ հիսուն հազար ցուցարարները ՀԱԿ-ի անդամներն են: Մենք էլ ենք ասում, որ այդ մարդկանցից շատերը կուսակցական պատկանելություն չունեն:
-Փաստորեն, այդ զանգվածը, ինչպես Տեր-Պետրոսյանն է համոզված, կարող է «թքած ունենալ» և՛ ղարաբաղյան հակամարտության, և՛ ՀԱԿ-ի ռազմավարության վրա ու սոցիալական բունտի ճանապարհո՞վ գնալ:
-Իհարկե: Իշխանությունը և՛ փող, և՛ հնարավորություններ ունի, թող սոցհարցում կազմակերպի ու պարզի, թե քանիսն են ուզում լքել երկիրը: Եթե մարդը տուն-տեղը վաճառում, ծնողների գերեզմանը թողնում հեռանում է, բնականաբար, թքած կունենա ամեն ինչի վրա:
-Այս իրավիճակում որքանո՞վ է ընդդիմադիր դաշտը համախմբված։
-Անցած ժամանակահատվածի բազմաթիվ օրինակներ ապացուցում են, որ ընդդիմադիր ուժերը շատ հաջող կարող են համագործակցել մի շարք հարցերում: Իշխանական լրատվամիջոցներն արհեստականորեն ներկայացնում են, թե ընդդիմադիր դաշտը չի համագործակցում: Իշխանությունն ընտրությունները նկարում է ու հետո ասում՝ ընդդիմությունը միասնական չէր, դրա համար պարտվեց: «Արդարություն» դաշինքի օրինակը հիշելով, ոչ մեկը չի կարող ասել, թե այն ժամանակ ընդդիմությունը միասնական չէր: Ընդդիմության պառակտման մասին խոսակցություններն իշխանություններն են ուղղորդում` հասարակությանը, միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով: 2008-ին 18 կուսակցությունների համախմբումը, որը մինչ այսօր պայքարում է, ի՞նչ է, եթե ոչ ընդդիմության միավորում: Հնարավոր է, մեկ-երկուսը հիմա կանգնեն ասեն՝ մենք ընդդիմություն ենք, բայց չմիավորվեն: Մենք հո գիտե՞նք, որ այդ ընդդիմության անդամները մի «Նիվայի» «պասաժիր» են:
-Մարտի 17-ին ի՞նչ է սպասվում, ՀԱԿ-ն ի՞նչ քայլերի կդիմի: Իշխանության ներկայացուցիչը, օրինակ, ժողովրդին խորհուրդ տվեց զգույշ մնալ, քանի որ «նույն թիմն է առաջնորդում ու հնարավոր է` սադրանքների դիմի»:
-Նման բան հայտարարողը նաև ասում է, թե բողոքավորներն են ցույցի դուրս եկել: Հակասական մտքերը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Ժողովուրդը կհավաքվի ու կորոշի` ինչ անել:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ